Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հաստատում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:
Նոտարի ստորագրությամբ ու կնիքով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ:
Նոտարական բոլոր գործողությունները կատարվում են ցանկացած նոտարի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նոտարական գործողություն կատարելու համար նոտարին կարող է դիմել ցանկացած անձ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նոտարական գործողությունները կատարվում են գրական հայերենով: Վավերացման կամ հաստատման են ենթակա միայն գրական հայերենով կազմված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող փաստաթղթերը, այդ թվում` գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում պահանջող պայմանագրերը, կազմվում են միայն հայերենով:
Օտարերկրյա կազմակերպությունների կամ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետ կամ նրանց միջև կնքվող գործարքները, ինչպես նաև արտասահմանում գործելու համար նախատեսված փաստաթղթերը կարող են հայերենի հետ միաժամանակ վավերացվել կամ հաստատվել նաև օտար լեզվով (լեզուներով), եթե նոտարը բավարար չափով ծանոթ է այդ լեզվին: Եթե նոտարը և (կամ) կողմը բավարար չափով ծանոթ չէ փաստաթղթի լեզվին, ապա հրավիրվում է թարգմանիչ: Այս դեպքում փաստաթուղթը սահմանված կարգով ստորագրում է նաև թարգմանիչը: Վերջինիս ծառայության վերաբերյալ փաստաթղթի տեքստում կատարվում է հատուկ նշում:
Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել նոտարական գործողություններ կատարելու համար դիմած ֆիզիկական անձանց, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպության ներկայացուցիչների ինքնությունն ու գործունակությունը, ինչպես նաև կազմակերպությունների իրավունակությունը և գործունակությունը, բացառությամբ օրնքով նախատեսված դեպքերի:
Լիազորագրերի հիման վրա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը պարտավոր է ստուգել լիազորված կողմերի լիազորությունները:
Նոտարը պարտավոր է նոտարական գործողությունների համար դիմած անձանցից պահանջել ներկայացնելու տվյալ նոտարական գործողություններ կատարելու համար օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ լիազորություններ, թույլտվություններ, համաձայնություններ կամ օրենքից ու իրավական այլ ակտերից բխող փաստաթղթեր:
Վավերացման ենթակա նոտարական գործողություններ կատարելիս նոտարը վավերացվող յուրաքանչյուր փաստաթղթի վրա կատարում է համապատասխան վավերացման մակագրություն, որում մասնավորապես նշվում են նոտարի անունը, ազգանունը, նոտարական տարածքը, կատարվող նոտարական գործողության տեսակը, կատարման տարին, ամիսը, օրը (բառերով), սեղանամատյանում համապատասխան գրանցման համարը, ինչպես նաև նոտարի հայտարարությունն այն մասին, որ նոտարական գործողության մասնակիցների ինքնությունը, իրավունակությունը կամ գործունակությունն ստուգված են:
Օտար լեզվով վավերացվող փաստաթղթերի վրա վավերացման մակագրությունները կարող են կատարվել համապատասխան լեզվով:
Վավերացման մակագրությունների օրինակելի ձևերը հաստատում է արդարադատության նախարարը` նոտարական պալատի ներկայացմամբ:
Նոտարներն իրավունք ունեն վավերացման մակագրությունները կատարել փաստաթուղթը դրոշմակով դրոշմելու միջոցով: