Դուստր ընկերություններ. ի՞նչ կարգավիճակ ունեն դրանք

Տնտեսական ընկերակցություններ և ընկերություններ են համարվում իրենց հիմնադիրների (մասնակիցների)` բաժնեմասերի բաժանված կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ունեցող առևտրային կազմակերպությունները:

Տնտեսական ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն, նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշել նման ընկերության որոշումները:

Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտքերի համար:

Հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը, որը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունի, դուստր ընկերության հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար: Հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող է համարվում, եթե այդ իրավունքը նախատեսված է դուստր ընկերության հետ կնքված պայմանագրում:

Դուստր ընկերության մասնակիցները (բաժնետերերը) իրավունք ունեն հիմնական ընկերակցությունից կամ ընկերությունից պահանջել հատուցելու նրա մեղքով դուստր ընկերությանը պատճառված վնասները: Վնասները հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով պատճառված են համարվում, եթե դրանք վրա են հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:

Հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով առաջացած է համարվում, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել