Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:
Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում:
Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ:
Այս հարցի շուրջ ՀՀ վճռաբեկ դատարանը իր որոշումներից մեկում արտահայտել է իր իրավական դիրքորոշումը:
Այսպես. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որևէ կանոն կամ ընթացակարգ չի սահմանում, որն ամրագրեր տուժող կողմի (այդ թվում` տուժողի, տուժողի ներկայացուցչի և օրինական ներկայացուցչի, տուժողի իրավահաջորդի) ներգրավվածությունը արագացված կարգի կիրառման հարցում: Այլ կերպ` տուժող կողմի դիրքորոշումը հաշվի առնելու պահանջ ամրագրված չէ ո՛չ մեղադրողի համար` արագացված դատական քննության դեմ առարկելու կամ չառարկելու հարցը լուծելիս, և ո՛չ էլ դատարանի համար` արագացված դատական քննության անցնելու մասին որոշում կայացնելիս:
Մեղադրողը արագացված դատական քննության դեմ առարկելու կամ չառարկելու հարցը լուծելիս, պետք է հաշվի առնի տուժողի դիրքորոշումը` որպես մեղադրանքի կողմի սուբյեկտի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 21-րդ կետ):
Բացի այդ, դատարանը չի կարող անցնել դատական քննության արագացված կարգի` առանց այդ հարցի կապակցությամբ տուժողի դիրքորոշումը պարզելու: Դատարանը կարող է դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին մեղադրյալի միջնորդությունը մերժել, եթե դրա դեմ առարկում է տուժողը: Այդ դեպքում դատարանը կայացնում է առանձին որոշում, որում պատճառաբանում է արագացված դատական քննության արդյունքում տուժողի օրինական շահերի վտանգման հանգամանքը: Դատական քննության արագացված կարգի դեմ առարկելու և ամբաստանյալի համապատասխան միջնորդությունը մերժելու հարցը լուծելիս տուժողի դիրքորոշումը պետք է վճռական նշանակություն ունենա մասնավորապես այն դեպքերում, երբ տուժողը`
ա. ողջամտորեն հիմնավորում է, որ իրեն հասցված վնասն ամբողջությամբ հատուցված չէ,
բ. փաստարկված առարկում է գործի փաստական հանգամանքների դեմ: