Ինչպես գիտենք՝ սեփականությունը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահի առկայության դեպքում: Այժմ տեսնենք, թե ինչպես է որոշվում գերակա հանրային շահը:
Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ՝ գերակա հանրային շահի որոշման սկզբունքներն են՝
ա) հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից.
բ) գերակա հանրային շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.
գ) գերակա հանրային շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը.
դ) հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ.
ե) գերակա հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:
Գերակա հանրային շահը կարող է հետապնդել հետևյալ նպատակները՝
ա) պետության պաշտպանության, պետության ու հասարակության անվտանգության ապահովումը.
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովումը.
գ) միջազգային և հանրապետական նշանակության պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կամ պահպանության ապահովումը.
դ) շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.
ե) կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը.
զ) էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը.
է) անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանությունը.
ը) արտակարգ իրավիճակների կանխումը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցումը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե լրացուցիչ եկամուտների ապահովման նպատակն ինքնին չի հանդիսանում բացառիկ՝ գերակա հանրային շահ:
Հասարակության և պետության կարիքը չի կարող համարվել բացառիկ՝ գերակա հանրային շահ, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում: