Ի՞նչ իրավունքներ ունի ձերբակալված կամ կալանավորված անձը

Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի`

1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալ իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.
2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամկալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաս մարմիններին, դատարանին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
4) առողջության պահպանման, այդ թվում` ստանալ բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.
5) սոցիալական ապահովության.
6) ստանալ իրավաբանական օգնություն.
7) անձնական անվտանգության ապահովման.
8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
9) հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ.
10) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել դատավարական կամ այլ գործողությունների, բացառությամբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի.
11) կոչվել իր անվամբ կամ ազգանվամբ.
12) անձնական ընդունելության խնդրանքով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներինպահելու վայրի պետին, դրանց գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
13) իր մոտ ունենալ քրեական գործին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ, բացառությամբ այն փաստաթղթերի և գրառումների, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք.
14) մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների:
Կալանավորված անձը նաև իրավունք ունի`
1) ստանալ կրթություն, զբաղվել ստեղծագործ աշխատանքով.
2) աշխատել.
3) կալանավորվածներին պահելու վայրի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերել սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ.
4) ստանալ և ուղարկել դրամական փոխանցումներ:
Ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահվում են նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ:

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի են, ինչպես նաև փախստականները կամ քաղաքացիություն չունեցողձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանցշահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել