Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից, մեկ այլ դպրոցի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել։
Քաղաքապետի սեպտեմբերի 22-ի որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Աննա Եղյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝
1. Աննա Եղյանին՝ 2022 թվականի սեպտեմբերի 20-ից ազատել «Երևանի Ստ.Շահումյանի անվան համար 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Ստ.Շահումյանի անվան համար 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարինե Տանանյանին»:
Iravaban.net-ը հայտնում է, որ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում։ Այս հիմքով էլ տնօրենն ազատվել է պաշտոնից։
————
Հրաչյա Սարգսյանի սեպտեմբերի 30-ի որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ.145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի (հ.3 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (19.09.2022թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2022թ. սեպտեմբերի 23-ի h.Դ-79334-22 զեկուցագիրը`
1. «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ.145 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Գայանե Լավրենտի Աղասարյանի հետ 5 տարի ժամկետով կնքել աշխատանքային պայմանագիր` 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 27-ը:
2. Արև Աբրահամյանին ազատել «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ.145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»։
————
Բացի այս, քաղաքապետի սեպտեմբերի 26-ի որոշման համաձայն էլ «Երևանի Մովսես Խորենացու անվան հ.143 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը գործուղվել է Լիտվա։
Որոշման մեջ ասվում է․
«Հաշվի առնելով «Էրազմուս պլյուս ԵՄ» կրթական ծրագրի մաս կազմող Իթվինինգ կրթական ծրագրի կողմից Լիտվայում կայանալիք «Մենք բոլորս հավասար ենք» խորագրով երիտասարդների փորձի փոխանակման ծրագրին մասնակցելու հրավերը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1.«Երևանի Մովսես Խորենացու անվան համար 143 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Կոստանյանին՝ 2022թ. սեպտեմբերի 21-ից 27-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն:
2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3.Կարինե Կոստանյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունները դնել նույն դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (ՄԿԱԳՏ) Արամ Խալաթյանի վրա»։