ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայողի կողմից կնոջ ծնողների տանը կից հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու դեպքի հանգամանքները:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, գնալով կնոջ ծնողների՝ Սևան քաղաքի Խաչերի փողոցում գտնվող տուն, ընտանիքի անդամների ներկայությամբ, իր կողմից հափշտակված, ապօրինի կերպով պահվող և փոխադրված նռնակի գործադրմամբ, հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել կնոջ հոր հասցեին, որից հետո նռնակը նետելով հիշյալ տանը կից հողամասի ուղղությամբ՝ պայթեցրել է:
Բացի այդ, հիշյալ պայմանագրային զինծառայողը 2015 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի վերին սահմանային մարտական դիրքերից մեկից գտել, այնուհետև ապօրինի կերպով փոխադրել և պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակ, որը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանի պատշգամբից նետելով՝ պայթեցրել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 338-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: