Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ստեփան Միրզոյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ստեփան Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.12.2012թ ժամը 04-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի X-րդ շենքի X բնակարանի հյուրասենյակում, ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Ստելլա Կիրակոսյանի հետ, որի ընթացքում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով ձեռքերով, ապակյա վազով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև Ստելլա Կիրակոսյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքերի, ճակատի թվով 2 հատ արյունազեղումների, գլխի փափուկ հյուսվածքների ներքին մակերեսի, գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի տարածուն, մուգ կարմիր գույնի արյունազեղումների, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքերի, զույգ թոքերի, լյարդի վնասվածքների, ներքին /3400 մլ/ և արտաքին մասի արյունահոսությունների, ներքին օրգանների արտահայտված սակավարյունության, աջ բազկի արյունազեղման ձևով պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնաս պատճառող մարմնական վնասվածքներ ու տեղում սպանել է նրան:
Գործով մեղադրյալ Ստեփան Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով, ըստ որի`
Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: