Առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը. Վիլեն Գաբրիելյան

Բովանդակային փոփոխություններում մի կարեւոր կետ կա, այդ կետը վերաբերում է ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորմանը: Մենք առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը Կառավարության կողմից հատուկ սահմանված կարգով: Ոստիկանության մեր գործընկերներն այս պահի դրությամբ որոշակի ռիսկ են տեսնում, գտել ենք կոմպրոմիսային տարբերակ: Այս մասին ասել է հիմնական զեկուցող Վիլեն Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված տեխնիկական եւ բովանդակային բնույթի փոփոխությունները:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Նախագիծը երկրորրդ ընթերցմամբ ընդունելու հարցը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 29-ի նիստում: Հեղինակներն են Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը եւ Անդրանիկ Քոչարյանը:

Հեղինակների կարծիքով՝ այս նախագծով բարձրացնում են հասարակության պաշտպանվածությունը: Նախագիծը կարգավորում է ՀՀ-ում զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստում է որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը, ներդրվում է զենքի հետ վարվելու մշակույթը, որն ուղղված կլինի քաղաքացիների մարտունակության բարձրացմանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել որեւէ մարզաձեւում Հայաստանի հավաքականի թիմում հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թ. մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել են:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է մի շարք խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

Քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Առաջարկվող լրացմամբ նախատեսվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել դրույթ, որի համաձայն՝ Կառավարության կողմից սահմանված կարգով կիրականացվի անչափահասների հաշվառումը: «Ոստիկանության մասին» օրենքի որեւէ հոդվածում անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ ամրագրված չէ: Ներկայում իրավախախտում եւ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացվում է դեռեւս 1996 թ. ՀՀ ՆԳ նախարարի 633 հրամանով»,- ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Հաշվի առնելով նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացությունը եւ ՀՀ արդարադատության նախարարության կարծիքը՝ առաջարկվել է լրամշակել օրինագիծը՝ կատարելով որոշակի տեխնիկական եւ խմբագրական փոփոխություններ:

Հարակից զեկուցող Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ ներկայացված նախագծով Կառավարությանը պատվիրակվում է սահմանել անչափահասներին հաշվառման վերցնելու կարգը: Մինչ այս պահն այն իրականացվել է 1996 թ. ՆԳ նախարարի հրամանով, ինչը ներկայիս օրենսդրությամբ չի կարող նորմատիվ իրավական բնույթ կրել եւ բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել ոլորտի կարգավորման համար:

Նախագիծն արժանացրել է դրական եզրակացության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել