Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին

Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիայի ընթացքում դաժանաբար սպանել են հայ վիրավոր զինծառայողներին, ամենավերջին վայրագ կերպով վարվել զոհվածների մարմինների հետ, ապա նկարել և տարածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին ներկայացրեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

«ՀՀ ԶՈՒ-ին հաջողվում է կատարել իր առջև դրված խնդիրներն ու ապահովել ազգաբնակչության անվտանգությունը: Ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ մինչև վերջ մեր զինվորները կանգնել են և զոհվել: Այսինքն՝ այն մարտական դիրքերը, որտեղ ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր և ծանր վիրավորներ: Ադրբեջանի՝ «մարդասիրական լոզունգով առաջնորդվող» ԶՈՒ-ն դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով են վարվել զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ»,-ասաց ԳՇ պետի տեղակալը՝ հավելելով, որ հենց նրանք են նկարել և տարածել սոցցանցերում:

Մարտիկյանը հավելեց՝ հայկական կողմի համար պարզ է, թե ում հետ գործ ունի ռազմական տեսանկյունից:

«Եվ ես պետք է հավաստիացնեմ, որ Զինված ուժերն ամեն ինչ անելու են, որ կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը և ապահովեն մեր ազգաբնակչության ազատ, անկախ և անվտանգ կյանքը»,-ասաց Մարտիկյանը:

Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հայտնեց, որ իրավիճակը շփման ողջ երկայնքով այսօրվա ընթացքում եղել է համեմատաբար հանգիստ՝ բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների: Վերջին խոշոր կրակի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին Ջերմուկի շրջանում, որտեղ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել