Կառավարությունը հաստատել է ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման նոր կարգը

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաստատվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգը:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավումը պետական քաղաքականություն է` փաստելով, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենում ոչ թե մեխանիկորեն, այլ մասնագիտական կատարելագործման հետ փոխկապակցմամբ:

Ուսուցչի որակավորման տարակարգի համակարգը միտված է ուսուցիչների մանկավարժական հմտությունների զարգացմանը: Դեռևս 2012 թվականից ներդրված տարակարգի համակարգը, ինչպես ցույց է տալիս անցած 10 տարիների փորձը և իրավիճակի վերլուծությունը, արդյունավետ չի եղել:

«Այս տարիների ընթացքում որակավորման տարակարգ է շնորհվել ուսուցիչների ընդամենը 6,2 տոկոսին: Համակարգն արդյունավետ չի եղել մի քանի պատճառներով. սահմանված բնութագրերը, որոնց միջոցով ուսուցիչը պետք է ստանար որակավորման տարակարգ, ավելի շատ բնորոշում էին ոչ թե ուսուցչի մանկավարժական աշխատանքը, այլ նրա հավելյալ գործունեությունը, օրինակ` հոդվածներ հրապարակելու ակտիվությունը կամ օլիմպիադաներում աշակերտների մրցանակային տեղեր գրավելու ցուցանիշը:

Անշուշտ, սրանք ևս կարևոր են, սակայն ուսուցչի ամենօրյա աշխատանքի ամենածանրակշիռ բաղադրիչը չեն: Բացի դրանից` կար որոշակի հերթականության և ժամկետների սկզբունք, որը հնարավորություն չէր տալիս ուսուցչին ստանալու տարակարգի ամենաբարձր աստիճանը: Նույնիսկ եթե ուսուցիչն ուներ բոլոր տվյալները` ստանալու չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ, չէր կարող ստանալ, քանի դեռ չէր ստացել դրան նախորդող առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգեր: Ասվածի լավագույն վկայությունն այն է, որ անցած 10 տարվա ընթացքում որևէ ուսուցիչ չորրորդ աստիճանի (սա ամենաբարձր աստիճանն է) տարակարգ չի ստացել, ինչը հնարավորություն կտար նրան 50 տոկոս հավելավճար ստանալու: Կար նաև պահանջ, որ այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում ուսուցիչը զրկվում էր ստացած որակավորման տարակարգից, ինչն ընդհանրապես անտրամաբանական է, քանի որ տարակարգը բնութագրում է ուսուցչին, ոչ թե դպրոցին:

Նոր կարգով տարակարգերի համակարգը փոխկապակցել ենք ուսուցչի մասնագիտական ստանդարտներին և չափանիշներին, որոնք հաստատված են ԿԳՄՍ նախարարի հրամանով: Նշված ստանդարտներն ու պահանջները ներկայացնում են պետության հիմնական պահանջներն ուսուցչից` դասը վարելու, պլանավորելու, մանկավարժական համայնքի զարգացմանը մասնակցելու և այլ ուղղություններով: Այսինքն՝ մենք ներդնում ենք ուսուցչի կարիերայի զարգացման նոր մոտեցում:

Նոր կարգով սահմանվել են ավագ, հմուտ, վերապատրաստող և հետազոտող ուսուցիչներին շնորհվող 1-4 աստիճանի տարակարգերի բնութագրերը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` նոր կարգի ընդունումից հետո առաջին և երկրորդ աստիճանի տարակարգի համար դիմելու հնարավորություն ունեցող ուսուցիչների շրջանակն էականորեն կընդլայնվի: Միաժամանակ ստեղծված է հնարավորություն` ավելի բարձր որակավորման պահանջների համապատասխանելու դեպքում, ուսուցիչը կարող է դիմել և միանգամից ստանալ տարակարգի ավելի բարձր աստիճան: Ուսուցչի որակավորման տարակարգը 5 տարի ժամկետով է տրվում:

Նա նաև տեղեկացրել է, որ ուսուցչի վարձատրությունը բարելավելու նպատակին է միտված նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը, որի շրջանակում ուսուցչի մասնագիտական գիտելիքների ստուգում է կատարվում, և ըստ ցուցաբերած արդյունքի՝ տրամադրվում է հավելավճար` աշխատավարձի 30-50 տոկոսի չափով, որը հաշվարկվում է հավելավճար ստացող ուսուցչի համար սահմանված 200 հազար դրամ դրույքային աշխատավարձի նկատմամբ: Ըստ Ժաննա Անդրեասյանի` որակավորման տարակարգի համակարգը գործելու է կամավոր ատեստավորման համակարգին զուգահեռ` ապահովելով աշխատավարձի բարելավման ևս մեկ հնարավորություն:

Կարևորելով տարակարգի շնորհման նոր կարգի ընդունումը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է կրթության գերակայությունը Կառավարության ծրագրերում և շեշտել, որ ուսուցչի մասնագիտության վարկանիշի բարձրացումը պետության և հասարակության կարևոր անելիքներից է:

«Պետք է ուսուցչի համար աշխատավարձի բարձր ստանդարտներ գործեն, որոնք տարեցտարի պետք է որոշակի սանդղակով բարձրացվեն` զուգահեռաբար ստուգելով մասնագիտական կատարելագործումը: Ուսուցիչը պետք է ունենա ռեյտինգ` հանրային բարձր վարկանիշ, որը բերելու նաև մանկավարժական կրթության և մանկավարժական գործի գրավչության բարձրացմանը»,- նշել է ՀՀ վարչապետը:

Կառավարության նիստում անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված կրթական ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել