Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 27-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու կարգը։
Հրամանով առաջարկվել է Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին` առաջնորդվել այս հրամանով հաստատված` դատավորի բժշկական զննության կազմակերպման կարգի դրույթներով:
ԿԱՐԳ
ԴԱՏԱՎՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
- Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դատավորի բժշկական զննության կազմակերպման հետ կապված հարաբերությունները` Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 685-Ն որոշման Հավելված 1-ով սահմանված դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկին համապատասխան:
- Դատավորի բժշկական զննությունը իրականացվում է այն արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (այսուհետ` արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություն), որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցված է դատավորը, իսկ գյուղական բնակավայրում բնակվող դատավորի համար` այն արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով իրականացվում են տվյալ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները:
- Այն դեպքում, երբ արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունը չի իրականացնում հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում, հոգեբուժական հիվանդությունների բացակայության կամ առկայության նպատակով դատավորի բժշկական զննությունն իրականացվում է տվյալ տարածքն սպասարկող հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից:
- Թմրաբանական հիվանդությունների բացակայության կամ առկայության նպատակով դատավորի բժշկական զննությունը, ինչպես նաև դատավորի կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով թունաքիմիական հետազոտությունը իրականացվում է թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից:
- Դատավորի բժշկական զննությունը իրականացնում է Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 685-Ն որոշման Հավելված 3-ի 4-րդ կետով նախատեսված մշտապես գործող բժշկական հանձնաժողովը:
- Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դատավորի բժշկական զննության արդյունքները դատավորին են տրամադրվում սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամկետներում:
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դատավորի բժշկական զննությունը կազմակերպելու վերաբերյալ Արդարադատության նախարարի գրությունը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Առողջապահության նախարարությունը գրավոր դիմում է սույն կարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված բժշկական կազմակերպություններին` դատավորի բժշկական զննությունը իրականացնելու, ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետով նախատեսված բժշկական զննության արդյունքները և Կառավարության 2019 թվականի մայիսի 30- ի N 685-Ն որոշման Հավելված 2-ով սահմանված դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) դատավորին տրամադրելու նպատակով:
- Դատավորն արտահիվանդանոցային բժշկական կազմակերպությունում բժշկական զննություն անցնելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում` նաև սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից տրված բժշկական զննության արդյունքները:
- Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենը սույն կարգի 6-րդ կետով սահմանված բժշկական զննության արդյունքները դատավորին է տրամադրում սույն կարգի 7-րդ կետով նախատեսված Առողջապահության նախարարության գրությունը ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ արտահիվանդանոցային պայմաններում հնարավոր չէ գալ եզրահանգման հոգեկան հիվանդությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ, ապա իրականացվում է հետազոտում «ցերեկային ստացիոնար» կամ «ստացիոնար» պայմաններում: Հետազոտության արդյունքների հիման վրա հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենը սույն կարգի 6-րդ կետով սահմանված բժշկական զննության արդյունքները դատավորին է տրամադրում 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենը սույն կարգի 6-րդ կետով սահմանված բժշկական զննության արդյունքները դատավորին է տրամադրում ոչ հանձնաժողովային կարգով, համապատասխան հետազոտությունների արդյունքների հիման վրա` սույն կարգի 7-րդ կետով նախատեսված Առողջապահության նախարարության գրությունը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպության տնօրենը սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դատավորին է տրամադրում տեղեկանքը` հիմք ընդունելով բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը, իսկ սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում նաև հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից տրված բժշկական զննության արդյունքները:
- Բժշկական զննության արդյունքում բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության վերաբերյալ տվյալները գրանցվում են դատավորի ամբուլատոր բժշկական քարտում և վավերացվում հանձնաժողովի անդամների ստորագրություններով:
- Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպության տնօրենը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկանքը դատավորին տրամադրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Առողջապահության նախարարությանը: