Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ: Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին, որտեղ նախատեսվում է կառուցել գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաև տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ՝ ավտոբուսների բացօթյա կայանման համար:
Համայնքը դիտարկում է նաև նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսների սպասարկման համար, ինչպես նաև օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթևեկության բեռնաթափման հնարավորություն: Քաղաքապետ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործակցությունը՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ:
Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին: