Ադրբեջանի նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում 3 հայ զինծառայող է զոհվել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»,-նշել է նա։
Մեկ այլ գրառմամբ էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդների առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է։
Withdrawal of Azerbaijani troops and deployment of an international observer mission on the @Armenian territories affected by @Azerbaijani occupation and bordering areas is an absolute necessity.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 28, 2022
Ավելի վաղ ՊՆ-ցի հայտնել են, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։