«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման 2021/2022 թթ․ զեկույցը»։
Զեկույցի համաձայն՝
- 2019թ․-ի համեմատ 2021-ին Հայաստանն արձանագրել է զբաղեցրած հորիզոնականի նահանջ՝ 81-րդ հորիզոնականից տեղափոխվելով 85-րդ հորիզոնական։ Չնայած այս փաստի, Հայաստանը շարունակում է ընդգրկված լինել «մարդկային ներուժի զարգացման բարձր մակարդակով» երկրների խմբում։
- Նահանջ է արձանագրվել ՀՀ-ում` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի արժեքը՝ 2019թ․-ի 0.778-ի համեմատ 2021-ին նվազել և կազմել է 0.759։ Նվազումը պայմանավորված է առողջության և կենսամակարդակի բաղադրիչներով՝ կյանքի սպասվող տևողությունը նվազել է 3.1 տարով, իսկ շնչային համախառն ազգային եկամուտը՝ 5.3%-ով։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում նախավերջինն է, գերազանցում է միայն Ադրբեջանին:
- Շնչային համախառն ազգային եկամտով Հայաստանը ետ է իր խմբի երկրների միջինից 13.2%-ով, իսկ աշխարհի միջինից` 21.5%-ով: Այդ ցուցանիշով Հայաստանն իր հարևաններից չի զիջում միայն Իրանին։
- Անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում Թուրքիայից և Վրաստանից հետո 3-րդն է։։
- Գենդերային զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում 2-րդն է, զիջում է միայն Վրաստանին։
- Գենդերային անհավասարության ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է։
Մոլորակային կայունության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսի ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում Վրաստանից և Թուրքիայից հետո 3-րդն է։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/3LHuWl3 ։