ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հնչեցրած իր ելույթում, ի թիվս մեծ թվով խնդիրների, ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը՝ առաջարկելով Ալիևին, ամբողջական ցանկով ներկայացնելու իր տարածքային պահանջները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները ու խնդիրը միայն միջանցքով, այսպես կոչված, անկլավներով, դեռ չեմ խոսում՝ Արցախով, չի սահմանափակվում։
Այս իշխանությունն իր պատերազմի դարաշրջանով երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ հայ ժողովուրդը պարզապես ընտրության հնարավորություն չունի, իսկ գոյաբանական պայքարը Հայաստանի կենսունակությանը անվերականգնելի հարված հասցնող զիջումների ու նոր ավերիչ պատերազմի միջև է»,-նշել է նա:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով, որում նաև հնչեցրեց հետևյալ միտքը. «Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար»: