Անունը մեզ շրջապատող աշխարհում մարդկանց, իրերն ու երևույթները տարբերակելու միջոցներից է:
Քաղաքացիաիրավական հարաբերություններում քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:
Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):
Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:
Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:
Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:
Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:
Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում: Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքին համապատասխան: