ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել սահմանել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ինչպես նաև դպրոցների՝ պետբյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխությունների համաձայն՝ փոխվել է ֆինանսավորման մեթոդաբանությունը. հանվել է ըստ աշակերտի թվի ֆինանսավորման մեխանիզմը։ Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը չի լուծում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաև որոշ ծախսատեսակների նորմավորումը։
Նոր նախագծով առաջարկվում է հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության, բավարար պայմանների ստեղծում՝ հաստատությունների բնականոն գործունեության համար, ինչպես նաև պետական միջոցների օգտագործման արդյունավետության ապահովում։
Հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ մեթոդաբանությամբ՝ ըստ իրենց կողմից իրականացվող ուսումնական ծրագրերի և անկախ հաստատությունների ենթակայության՝ ընդհանուր բանաձևով։
Համաձայն նախագծով առաջարկվող բանաձևի՝ ֆինանսավորման հաշվարկման համար հիմք են հանդիսանում մի շարք ելակետային տվյալներ, այդ թվում՝ դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ և այլն:
Ֆինանսավորման հաշվարկի համար հիմք են հանդիսանում նաև հաստատությունների պահպանման ծախսերը, ինչպես նաև վերջիններիս համար սահմանված հաստիքների թիվը:
Այդ ամենը, կիրառելով միասնական մոտեցում, հնարավորություն է տալիս հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ հիմնվելով կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացված քարտեզագրման արդյունքների վրա: