Որքան էլ մերժենք այս իշխանությանը, այնուամենայնիվ մենք մեր բանակի կողքին ենք ամեն պահ և ամեն ինչով. Կարին Տոնոյան

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հարց ու առաջարկ է ներկայացրել Պաշտպանության նախարարությանը։

«Որքան էլ մերժենք այս իշխանությանը, այնուամենայնիվ մենք մեր բանակի կողքին ենք ամեն պահ և ամեն ինչով: Ուստի, առանց տրվելու մանրամասների, ուղղակի առաջարկ.

Ամեն րոպե տարբեր խմբեր տարատեսակ օգնություն են հասցնում դիրքեր ու սահմանապահ գյուղեր, ամեն մարդ գնում է այնտեղ, որտեղ բարեկամ ունի, կամ որտեղից իրեն օգնության կանչ են տալիս: Ինչու դա չի անում պետությունը, կխոսենք հետո, բայց այս պահին կարևոր է, շատ կարևոր, որ այդ ամբողջ օգնությունը, որը մեր ժողովուրդը տվել և տալիս է բանակին հստակ համակարգվի:

Հետևաբար, առաջարկում եմ ձևավորել հանրության շրջանում վստահություն ունեցող մարդկանցից կամ զոհվածների ծնողներից մի հանձնախումբ, որը կապող օղակ կհանդիսանա ՊՆ-ի և այդ օգնող և կարիք ունեցող խմբերի միջև և հստակ կկարգավորի հավասարաչափ ապահովում սահմանի յուրաքանչյուր հատվածում կռվող զորքին կամ գյուղացիներին:

Հանկարծ չգրեք` բանակն ամեն ինչ ունի, կամ այդ մասին մի խոսեք, թշնամին չիմանա, թշնամին այնպես է մտել մեր տուն ու այնքան մոտ է մեր դիրքերին, որ կարող է նկատել ու նկարել զինվորի առօրյան իր ողջ մանրամասներով, կամ եթե բանակն ամեն ինչ ունի էլ ու ճիշտ չի կարողանում բաշխումը կազմակերպել, ապա մենք պատրաստ ենք օգնել նաև դրանում, բացի դրանից ժամանակն է նաև, որ ժողովուրդը սովորի ոչ միայն օգնել, այլ նաև հաշվետվություն պահանջել:

Ի վերջո, պատրաստ լինել նշանակում է ապահովել հաղթանակի մեծ մասը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել