Համագյուղացիներ լինելու համար աղջիկը ներել է տղային

Կոտայքի մարզի բնակչուհի, գործով տուժող Նարինե Առաքելյանը դատարանում հաշտվել է նախկինում 3 անգամ դատապարտված, դատվածությունը չմարված Կարեն Մնացականյանի հետ:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում դատված Կարեն Մնացականյանը 2012թ հուլիսի 12-ի գիշերը Կոտայք գյուղի Աստղաբերդ կոչվող սարատեղում մտել է Նարինե Առաքելյանի Վագոն-տնակ և նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ:

Կարեն Մնացականյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ Նարինե Առաքելյանը դիմադրություն է ցուցաբերել, թեյի բաժակով հարվածել է նրա գլխին, փախել է տնակից և վայր ընկել տնակի դիմաց:

Այնուհետև Կարեն Մնացականյանը մոտեցել է Նարինե Առաքելյանին, մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է աղջկան զրկել կյանքից:

Նարինե Առաքելյանը դատարան ներկայացրած դիմումով խնդրել է նրան քրեական պատասխանատվությունից ազատել, քանի որ համագյուղացիներ են և հետագայում նույն գյուղում են ապրելու: Դատարանը կարճել է քրեական գործի վարույթը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իրական դեպքի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել