Սեպտեմբերի 21-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների աշխատանքային հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլ ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԳ նախարարը ՀԱՊԿ գործընկերներին է ներկայացրել ՀՀ անկախության օրվան նվիրված լուսանկարների ցուցադրությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։