Ինչպե՞ս դառնալ նոտար

Նոտարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի`

  • իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում,
  • չունի դատվածություն,
  • անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում,
  • իսկ 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում` առնվազն 3 ամսվա ստաժավորում և որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները:

Նոտարի պաշտոնում կարող է նշանակել նաև նոտարական գործունեության ստաժավորում չանցած և որակավորման քննություն չհանձնած այն անձին, որը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում կամ նոտարական պալատում իրականացրել է նոտարիատի բնագավառում մասնագիտական ոչ պակաս, քան երեք տարվա աշխատանքային գործունեություն:

Նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը կարող է մասնակցել և նոտարի պաշտոնում նշանակվել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան ունեցող` Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին` անկախ ստաժավորման հանգամանքից:

Որակավորման քննական հանձնաժողովի կազմը հաստատում է արդարադատության նախարարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հավասար թվով նախարարության աշխատակիցներ և նոտարական պալատի կողմից առաջադրված նոտարներ (նոտարի պաշտոնում նշանակվելու կարգը սահմանված է նաև Կառավարության 06.06.2002 թվականի թիվ 789-Ն որոշմամբ):

Որակավորման ստուգումները կազմակերպվում են առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կոնկրետ ժամկետներում:

Ստուգման համար հարցերը, որոնք ենթակա չեն հրապարակման, նախապատրաստում է արդարադատության նախարարությունը:

Նոտարի պաշտոնում նշանակումները կատարում է արդարադատության նախարարը` հաշվի առնելով նոտարական պալատի եզրակացությունը, որը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել