Անմաքս առևտրի խանութները մաքսային հսկողության գոտում առանձնացված տարածքներ են, որտեղ թույլատրվում է իրացնել բացառապես «ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմով բաց թողնված ապրանքները։
Անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները նախատեսված են անձնական օգտագործման համար կամ որպես նվերներ։
Անմաքս առևտրի խանութներ կարող են հիմնել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք՝ օրենքով սահմանված կարգով ստացած լիցենզիայի հիման վրա:
Անմաքս առևտրի խանութի առևտրի սրահները պետք է գտնվեն՝
ա) Հայաստանի Հանրապետությունից մեկնող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղից հետո.
բ) Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներին սպասարկելու նպատակով հիմնադրված սրահներում՝ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող քաղաքացիների անմիջական մաքսային հսկողության համար սահմանված տեղերը։
Անմաքս առևտրի խանութը, բացի առևտրի սրահից, պետք է ունենա նաև մաքսային հսկողության գոտում տեղակայված պահեստային տարածք։