Ձեր նշած դրվագը ԱՄՆ դեսպանատան կազմակերպած միջոցառումն էր, ոչ Հայաստանի կառավարության, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Երևանում՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ելույթին, որը տեղի էր ունեցել Գրիգոր Խանջյանի «Վարդանանց» կտավի դիմաց և որի ժամանակ, Ավարայրի ճակատամարտը պատկերող կտավը մատնացույց անելով, Փելոսին ասել էր․ «Այս նկարում պարսիկների դեմ քրիստոնյա Հայաստանի պայքարի դրվագն է»։
Հայտարարությունից հետո բազմաթիվ գնահատականներ էին հնչել ելույթի հակաիրանյան բովանդակության վերաբերյալ։ Ըստ Ռուբեն Ռուբինյանի, սակայն, Նենսի Փելոսիի այցի որևէ դրվագ հակաիրանյան բնույթ չի կրել։
«Ստեղծված իրավիճակում Իրանն այն պետություններից է, որն աներկբայորեն պաշտպանում է ՀՀ դիրքորոշումները՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այստեղ համընկնում են մեր և Իրանի շահերը, ակնհայտ է նաև, որ տիկին Փելոսիի այցի որևէ հատվածում որևէ կոնտեքստ անգամ չկար և չէր կարող լինել՝ ուղղված Իրանի դեմ»,- նշել է Ռուբինյանը՝ հավելելով՝ դա առաջին հերթին հենց Հայաստանի շահերից չի բխում և չի բխի երբեք։
«Մեր պատմությունը, համագործակցությունը և բարեկամությունը Իրանի և Իրանի ժողովրդի հետ ունի հազարամյակների պատմություն և հազարամյա ապագա»,- խոսքը շարունակել է Ռուբինյանը։
Նրա կարծիքով՝ կտավի հետ կապված խնդիրը «ուղղակի օդից վերցրած թեմա է, որը նույնիսկ չարժե քննարկել»։