Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր առաջացան և դա բերեց նրան, որ այս բնակավայրերում երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից, կրթության իրավունքից։ Խոսքը շուրջ 25․000 դպրոցահասակ և ավելի քան 6000 նախադպրոցական տարիքի երեխաների կրթության մասին է։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախորդ շաբաթ այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, չեն գործել ուսումնական հաստատությունները, այն հիմնավորմամբ, որ՝ հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունանելու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու հանգամանքները, նպատակահարմար է գտնվել լրացուցիչ արձակուրդի գնալ՝ հետագայում բացթողնվածը լրացնելու պայմանով։ Իհարկե մենք հետևել ենք ընթացքին և կապի մեջ լինելով 3 մարզերում մեր գործընկերների հետ՝ ունենք որոշում, և արդեն այսօրվանից դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը։ Մենք կունենանք տարբեր իրավիճակ։
Այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա և անվտնագության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորությունները դպրոցներում կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով և այս պահին մյուս բնակավայրերում, որտեղ տեղում իրավիճակը հասկանալով, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ դեռևս առկա ուսուցման հնարավորություն առկա չէ և գործընթացը կկազմակերպվի հեռավար»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։
ԿԳՄՍՆ տեղեկություններով Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, 3 դպրոց՝ Վայոց ձորում։ Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ հեռավար տարբերակով կիրականացվի ուսումնական գործընթացը, առկա տարբերակով աշխատանքները կվերսկսեն 5 դպրոց՝ Քաջարանում, Կապանում։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ըստ իրավիճակի ամեն օր կարող է փոփոխություն կատարվել։