ԱՆ-ն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց առողջական վիճակ մասին

Վիրավոր քաղաքացիական անձանց առողջական վիճակին է անդրադարձել Առողջապահության նախարարությունը։

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:

—————————

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ողջ օրվա ընթացքում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Սեպտեմբերի 14-ին թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։

Սեպտեմբերի 16-ին հայտարարվել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: 10-ից ավելի զինծառայող գերեվարված է։ Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 զինծառայողի մարմին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել