Կենտրոնական բանկը «ՀՀ կառավարության 2011 թ․ հունվարի 13-ի N 15-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որի համաձայն՝ նախատեսվող փոփոխությունների ընդունման արդյունքում ԱՊՊԱ տեղեկատվական համակարգին կփոխանցվի վարորդների կողմից որոշակի տրանսպորտային միջոցներով կատարվող ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և (կամ) այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկատվությունը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից առնվազն տարին մեկ սահմանվում են հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափերը, ինչպես նաև ռիսկայնության գործակիցների թույլատրելի արժեքները և Բոնուս-Մալուս գործակիցների մեծությունները: Օրենքով Բոնուս-Մալուսը սահմանվում է որպես ԱՊՊԱ ոլորտում կիրառվող ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, որի համար հիմք է ընդունվում ապահովագրական և (կամ) վարորդական պատմությունը։
ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից սկսած՝ ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության հիմքում դրվել է ապահովադիրների կամ ապահովագրված անձանց միայն ապահովագրական պատմությունը՝ մասնավորապես ապահովադրի պայմանագրի շրջանակներում երրորդ անձանց պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումների առկայությունը, քանակը, իսկ վերջին շրջանում՝ նաև հատուցվող գումարի չափը։
Սակայն սկսած 2023 թվականից՝ Բյուրոն ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող պատահարների կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, ի թիվս այլոց, նախատեսում է նաև առավել սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի և նրանց կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում դրսևորվող կարգապահության միջև։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Բոնուս-Մալուս համակարգի հիմքում մինչ այժմ դրված վերոհիշյալ մոտեցումը և դրանում հաշվի առնել նաև ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը և (կամ) դրանց համար համապատասխան վարորդներից հանված միավորների (բալերի) քանակը։ Այդպիսի մոտեցումը էլ ավելի կմեծացնի վարորդներին տրվող միավորների (բալերի) կարևորությունը՝ նպաստելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նվազեցմանը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա պատահարների կանխարգելմանը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման» կարգի ներկա խմբագրության համաձայն՝ Կարգի կիրառումն ապահովում է ոստիկանության ՏՓՀ-ից վարչական իրավախախտումների մասին տեղեկատվության փոխանցումը ԱՊՊԱ ՏՀ՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված Բոնուս-Մալուս գործակիցների հաշվարկման նպատակով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության նույն որոշմամբ հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև փոխանակվող տեղեկատվության ցանկում տեղ չի գտել վարչական իրավախախտումների մասին տեղեկատվությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 15-Ն որոշման Հավելված 2-ը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տեղեկատվական-փնտրողական համակարգից ԱՊՊԱ-ի համակարգի տեղեկատվական համակարգ փոխանցվող տվյալների կազմում ավելացնելով տրանսպորտային միջոցի օգտագործմամբ կատարված վարչական իրավախախտումների մասին տողը՝ իր թվով 18 ենթատողերով՝ վարչական իրավախախտում կատարած անձի, կատարված վարչական իրավախախտման և դրա համար կիրառված պատասխանատվության միջոցի վերաբերյալ տեղեկատվությամբ։
Նշեն, որ նախագիծը մշակվել է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի նախաձեռնությամբ։