Անվտանգության նկատառումներից ելնելով Ջերմուկում անջատված է լուսավորությունը, քաղաքի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում

Անվտանգության նկատառումներից ելնելով Ջերմուկ քաղաքում անջատված է լուսավորությունը։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանն ասել է, որ Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր։

Խաչատրյանը հայտնել է, որ քաղաքի ներսում իրավիճակը գտնվում է օպերատիվ հսկողության տակ. «Ունենք հերթապահություն թե Ոստիկանության, թե տեղի բնակչության կողմից»։

Համայնքի ղեկավարի տեղակալն ասել է, որ Ջերմուկ քաղաքի տարածքի ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել. «Կեչուտ գյուղում վնասվել է հին առանձնատուն, որտեղ մարդիկ չեն բնակվում։ Ջերմուկ քաղաքում վնասվել է մեկ առանձնատան տանիքային հատվածը եւ թեթեւակի վնասներ է հասցվել Ջերմուկ քաղաքի գերեզմանատանը, որտեղ որ կրակոցներ են եղել։ Ծեծերը, կանայք, երեխաները տարհանվել են, տեղափոխվել են Վայք եւ Եղեգնաձոր։ Տեղում են այն բնակիչները, որոնք ծառայություն են կատարում քաղաքի տարածքում»։

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունն այս հարցազրույցը եթեր է հեռարձակել ժամը 21։30-ին, թե ժամը քանիսին է արվել տեսագրությունը՝ պարզ չէ։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 20։00-ի դրությամբ բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 105 զոհ եւ ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից վեցը քաղաքացիական անձինք են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել