ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ մեդիատիրույթում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող մի հատվածին, որը խեղաթյուրվում եւ այլ կերպ է ներկայացվում:
ԱԺ նախագահը, դիմելով ժողովրդին, վստահեցրել է, որ որեւէ փաստաթուղթ սեղանին դրված չկա, եւ այն մանիպուլյացիաները, շահարկումները, որ համացանցում արվում են, իրականության հետ որեւէ կապ չունեն: Նրա խոսքով՝ որեւէ փաստաթուղթ չկա, կան խաղաղության փաստաթղթի առաջարկներ, գաղափարներ, մտքեր, տարբերակներ:
«ՀՀ վարչապետի ելույթն այն մասին էր, որ ոչ ոք ոչինչ չի տալիս: 29.800 քառակուսի կմ ՀՀ ամբողջ տարածքն է: ՀՀ տարածքը մեզ համար կարմիր գիծ է, մենք ՀՀ տարածքի համար պետք է պայքարենք: Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ որեւէ փաստաթուղթ չկա: Շատ կուզենանք որեւէ փաստաթուղթ լինի, որով մենք, այո՛, ամրապնդելու ենք ՀՀ 29.800 քառակուսի կմ-ի խաղաղությունը, անվտանգությունը, եւ մենք դրա համար ամեն ինչ անելու ենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը: