Կեսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել` միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին: Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։
«Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:
Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: