Վարդենիսում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը պաշտոնական լրահոսին չհետևելու ու այլընտրանքային աղբյուրներին հավատալու արդյունք է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը դեռ չի հայտնել և ոչ մի զոհվածի անուն, բայց մարդիկ որոշել են զինվորի ծնողին «մատուցել», որ նրա որդին զոհվել է, արդյունքում հայրն ինքնասպան է եղել, իսկ որդին պարզվել է ողջ է։
Հարգելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին, պահպանել սառնասրտություն, չտրվել էմոցիաներին ու չտարածել ապատեղեկատվություն։ Հակառակ դեպքում ցավալի փաստերի առաջ կարող ենք կանգնել։
Շատ ժամանակ միգուցե և պաշտոնական տեղեկատվությունն ուշանում է, կամ հասկանալի պատճառներով շատ մանրամասներ չենք կարողանում հայտնել, սակայն տեղեկատվությունը հաղորդվում է միայն մի քանի անգամ ստուգելուց հետո։
Համբերություն և խոհեմություն բոլորիս»,-նշել է նա։