Այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ Արման Թաթոյան

ՀՀ կառավարության անպատասխանատու աշխատանքի ու ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով այսօր արդեն հնարավոր չէ օգտագործել Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, քանի որ այն ՀՀ կառավարությունը ևս կառուցվել է այնպես, որ գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների նշանառության տակ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հենց այս գիշեր՝ սեպտեմբեր 13-ին ադրբեջանական զինված ծառայողները թիրախավորել են այդ ճանապարհը, այդ թվում՝ շտապ բժշկական օգնության մեքենա։

Այլընտրանքային ճանապարհը թիրախավորելով ու թույլ չտալով այն օգտագործել՝ ադրբեջանական զինված ծառայողները մտադրված հումանիտար ու մեկուսացման խնդիրներ են առաջացնում Սյունիքի քաղաքացիական բնակավայրերի, խաղաղ բնակիչների համար։

Սա այն ճանապարհն է, որը ՀՀ կառավարությունը սկսեց կառուցել Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների կողմից անօրինական արգելափակելուց հետո՝ ադրբեջանական զինծառայողներին հեռացնելու փոխարեն»,-նշել է նա։

Թաթոյանը նշել է, որ փաստերով հիմնավորել էր, որ չի կարելի կառուցել ադրբեջանական թիրախի ներքո գտնվող ճանապարհ, որ իրականում խնդիրը պետք է լիներ ադրբեջանական հանցավոր զինված տեղակայումները հեռացնելը, այլ ոչ թե նրանց թիրախավորման տակ ճանապարհ կառուցելը՝ առանց մտածելու անվտանգության մասին։

«Այդ ժամանակ դեռ Կապանի համայնքապետարանը Կառավարությանն իրավացիորեն առաջարկել էր, որպես միջանկյալ լուծում, կառուցել այլ տեղով անցնող ճանապարհ (անձամբ անցել բոլոր այդ տեղանքներով), որը բավական անվտանգ էր ու ռեսուրսների առանձնապես ներդրում էլ չէր պահանջում, բայց Կառավարությունը մերժել էր այդ առաջարկը՝ առանց որևէ պատճառաբանության»,-գրել է նախկին ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանը հրապարակել է ամիսներ առաջ արված լուսանկարներ, որտեղ երևում է ադրբեջանական զինված անօրինական տեղակայումները, Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը և Կառավարության կողմից կառուցվող այլընտրանքային ճանապարհը։

«Այս պահի դրությամբ հավաքված փաստերը նաև վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են Կապան համայնքի Ներքին հանդ, Շիկահող ու Սրաշեն գյուղերի ուղղությամբ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել