Չի բացառվում, որ Ադրբեջանն իր ամենաթիրախային հարվածը դեռ չի հասցրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Անկախ այն հանգամանքից, որ գրոհների աշխարհագրությունը բավականին լայն է, դեռ պարզ չի, թե որն է լինելու Ադրբեջանի հիմնական ուղղությունը։
Իհարկե որոշակի տարբերակներ, սցենարներ ուրվագծվում են, սակայն ամբողջությամբ դեռ պարզ չի, թե գլխավոր հարվածը որ ուղղությամբ կլինի, երբ և ինչ նպատակով։
Ընդ որում՝ պետք է հստակ գիտակցել, որ նախատեսվող գլխավոր ճակատը կարող է ուրվագծվի ոչ թե այս ագրեսիայի, մեկ այլ փուլում։
Չի բացառվում, որ ագրեսիայի այս փուլը գլխավոր հարվածի նախապատրաստումն է»,-նշել է նա։
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ-ի 11։00-ի դրությամբ հաստատված տեղեկության համաձան՝ հայկական կողմն ունի 49 զոհ: