«Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի». Ազգային ժողովի հայտարարության նախագիծը

Ազգային ժողովում քննարկվում է ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսքը փոխանցեց հայտարարության համահեղինակ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ով ներկայացրեց նախագիծը։

«Սեպտեմբերի 13-ին,ժամւ 00։05-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի մաինգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական սոտրաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում։

Ստեղծված իրավիճակում մեր լիակատար աջակցություն ենք հայտնում ՀՀ զինված ուժերին՝ Հայաստանի Հանրապետության ամբողջականության և ինքնիշխանության պահպանության սուրբ գործում։ Բոլոր քաղաքական ուժերին, մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, կոչ ենք անում պահպանել հանգստություն ու համախմբվել պետականության շուրջ։

Մեր բոլորի հայրենիքը միասնական է և կուռ պաշտպանության կարիք ունի։

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության դեմ և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից ակնկալում ենք ստեղծված իրավիճակի անհապաղ քննարկում և իրավիճակից բխող գործողությունների իրականացում։

ՀԱՊԿ-ից պահանջում ենք Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած պարտավորություններից բխող անհապաղ միջոցառումների իրականացում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը։

Դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ շուտափույթ իրագործելու ՀՀ -ի և ՌԴ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել