Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթյունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականոթյան վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:
Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:
Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատված տվյալների համաձայն՝ հայկական կողմն ունի 49 զոհ։