Քննչական կոմիտեն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքնեի մասին․ հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտներ

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը։

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Մասնավորապես՝ հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։

Նախաքննությունը շարունակվում է։

_________

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել