Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են: Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճսնապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Օրինակ` նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը` դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ:
Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ Սև լճի տարածք ներխուժած ու անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից:
Մշտապես եմ ասել, որ ինքնին ադրբեջանական զինված տեղակայումները ՀՀ գյուղերի հարևանությամբ կամ ճանապարհներին հանցավոր է, դա արդեն իսկ իրական սպառնալիք է մարդկանց կյանքին ու անվտանգությանը, բնակավայրերին, մեր ողջ երկրին:
Երեկվանից սկիզբ առած հարձակումները ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության բնական շարունակությունն են: Այդքան ապացուցել եմ, որ դա չի դադարելու, քանի որ Ադրբեջանում սեփական իշխանությունը պահպանելու միջոց է:
Հ.Գ. նկարներում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ավերածություններն են»,-նշել է նա՝ հրապարակելով մի քանի լուսանկար։


