«Հայաստան» խմբակցության հայտարարությունը ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ. «Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ հրետանային միջոցներով, խոշոր տրամաչափի զինատեսակներով լայնածավալ հարձակման են անցել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են բնակավայրեր և ռազմական օբյեկտներ:
Սա Ադրբեջանի հերթական ռազմական հանցագործությունն է, որին նախորդել էին տեղեկատվական դիվերսիոն գործողություններ:
Ադրբեջանի գործողությունները գնահատում ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և դատապարտում ենք իրականացվող հանցագործությունը:
Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը:
Ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունից՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար:
Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար:
Զորակցելով Հայաստանի զինված ուժերին՝ մեր ժողովրդին կոչ ենք անում խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը, պատրաստ լինել պաշտպանելու Հայոց պետականությունը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հրետակոծությունն սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են։ Ավելին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ։ Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին, լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի զինված ուժերը։
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Տվյալները ճշտվում են։
Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով՝ իրադրության զարգացումների վերաբերյալ։ Հորդորւմ ենք զերծ մնալ մարտական գործողությունների պատկերմամբ տեսանյութեր հրապարակելուց և հետևել պաշտոնական լրահոսին»,-նշվում է ՊՆ հայտարարության մեջ։