Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ 08։00-ի դրությամբ․ ՀՀ ՊՆ

Առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծվածիրադրությունը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածը և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,-ներկայացրեց նա։

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, թե հրետակոծությունն սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են։ Ավելին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն էին ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ։ Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին, լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի զինված ուժերը։

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Տվյալները ճշտվում են։

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով՝ իրադրության զարգացումների վերաբերյալ։ Հորդորւմ ենք զերծ մնալ մարտական գործողությունների պատկերմամբ տեսանյութեր հրապարակելուց և հետևել պաշտոնական լրահոսին»,-նշվում է ՊՆ հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել