Մեզ պետք է նոր նավապետ և նոր ուղղություն․ Իշխան Սաղաթելյան

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» թեմայով հանրային քննարկում։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի12-ին, մեկնարկել է նաև Ազգային ժողովի 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի իրական և առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում:

«Մենք մեր քաղաքացիներից  մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար: ՀՀ օրվա իշխանությունները եւ նրա կցորդ ԱԺ մեծամասնությունը չեն սպասարկում այդ օրակարգը, աշխատում են, դրա դեմ նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ Հադրութի և Շուշիի դեօկուպացիա խոստացած և նաև դրա համար քվե ստացած քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է Ազգային ժողովում դեմ արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին։

«ԱԺ մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել ընդդիմության կողմից հրավիրված արտահերթ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն Հայաստանի կարմիր գծերի մասին, մասնավորապես, հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ուրեմն հարկավոր է իրենց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ: Թշնամիները, միջազգային հանրությունը պետք է տեսնի ու հասկանա, որ հայ ժողովուրդը տեր է իր հայրենիքին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արցախը զոհաբերելու կամ վաճառելու գործում գտնվում է միայնակ»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ պետք է շրջեն ամոթի էջը, ժողովրդի համար բացեն վերելքի ու զարթոնքի նոր էջ։

«Մեզ պետք է նոր նավապետ և նոր ուղղություն»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել