Կառավարությունը ապրիլի 22-ին որոշում է ընդունել՝ հաստատելով հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը:
Iravaban.net-ը հայտնում է, որ կարգն ուժր մեջ է մտնում սեպտեմբերի 12-ին։
Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգի իմաստով հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետեր (այսուհետ` առևտրի կետեր) են դիտարկվում հեղուկ վառելիքի` ներառյալ համատեղված, մանրածախ առևտրի կետերը` բացառությամբ միայն հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքով զբաղվող առևտրի կետերի:
2. Սույն կարգով կարգավորվում են առևտրի կետերում ստուգաչափված տարաներին (այսուհետ` չափանոթ) ներկայացվող հիմնական պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը:
3. Առևտրի կետերը պետք է ապահովված լինեն սույն կարգի պահանջներին համապատասխանող չափանոթներով:
4. Չափանոթի միջոցով սպառողի հայեցողությամբ հեղուկ վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար ճշգրիտ չափն սպառողին ցույց տալը և դրա վաճառքի իրականացումը կատարվում են չափանոթի 5 դմ3 (այսուհետ` 5 լ) անվանական տարողության չափով կամ դրա բազմապատիկի չափով:
5. Առևտրի կետերում չափանոթները նախատեսված են վաճառվող տարբեր տեսակների հեղուկ վառելիքի քանակն սպառողին ցույց տալու և սպառողների հավելյալ վստահության ձևավորման համար:
II. ՉԱՓԱՆՈԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Չափանոթները հանդիսանում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ:
7. Սույն կարգով նախատեսված պահանջների կիրառման համար առևտրի կետերը պետք է ապահովված լինեն 20 oC ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վառելիքի տարբեր տեսակների համար 5 լ անվանական տարողություն ունեցող առնվազն մեկ չափանոթով:
8. Չափանոթների հարաբերական սխալանքը 20 oC +/- 10 oC ջերմաստիճանի դեպքում չի կարող գերազանցել +/- 0,5%-ը:
9. Վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի կարող գերազանցել 1%-ը:
10. Չափանոթները պետք է պատրաստված լինեն նավթամթերքի ազդեցության նկատմամբ չեզոք, չժանգոտվող մետաղից կամ համաձուլվածքներից (այդ թվում` ածխածնային պողպատից) և դրանց կառուցվածքը պետք է բացառի երկարատև շահագործման դեպքում ձևափոխման հնարավորությունը` ապահովելով կոշտության, ամրության և տարողության հաստատունությունը, նախատեսի շահագործման ժամանակ լվացումը, փակիչ ծորակի (առկայության դեպքում) հուսալի աշխատանքը, հավաքակցված կցամասերի հերմետիկությունը:
11. Չափանոթները հավաքակցված են կոշտ շրջանակի վրա, որը թույլ է տալիս փոխադրումը և պաշտպանում է չափանոթի բաղկացուցիչ կցամասերը մեխանիկական վնասվածքներից, ինչպես նաև ապահովում է չափանոթի չափիչ բկանցքի (այսուհետ` բկանցք) առանցքի ուղղահայաց տեղակայումը:
12. Չափանոթները պետք է ունենան բկանցքի ուղղահայաց առանցք:
13. Չափանոթները պետք է ունենան 5 լ անվանական տարողության նշումով թափանցիկ բկանցք կամ անվանական տարողության նշագծով թափանցիկ դիտապատուհանով բկանցք կամ տարողության նշագծերով` թափանցիկ դիտապատուհաններով և սանդղակով բկանցք կամ բկանցքի առանցքին զուգահեռ` իրար կողքի գտնվող մակարդակաչափ խողովակով և սանդղակով ոչ թափանցիկ բկանցք:
14. Թափանցիկ դիտապատուհանի լայնությունը պետք է լինի առնվազն 15 մմ:
15. Չափանոթները կարող են սարքավորված լինել վառելիքի արտանետումը բացառող փրփրամարիչներով, ջերմաչափերով (ջերմաստիճանի տվիչներով) և հարթաչափերով:
16. Չափանոթի բկանցքի թափանցիկ մասի սանդղակը պետք է գտնվի դիտապատուհանի կամ մակարդակաչափ խողովակի վրա: Սանդղակը պետք է զետեղված լինի այնպես, որ դրա դիրքը հնարավոր չլինի փոփոխել առանց կապարակնիքի խախտման:
17. Չափանոթի բկանցքի թափանցիկ մասը կամ թափանցիկ մակարդակաչափ խողովակը պետք է պատրաստված լինեն թափանցիկ և անգույն ապակուց և չունենան հեղուկի մակարդակին հետևելուն խոչընդոտող թերություններ:
18. Սանդղակի վրա նշագծերը պետք է լինեն բկանցքի առանցքին ուղղահայաց:
19. Աստիճանավորված բկանցքով չափանոթների համար սանդղակի վրա նշագծերը պետք է լինեն կայուն և հստակ տեսանելի, ընթեռնելի` ապահովելով դրա շահագործման ամբողջ ընթացքում սանդղակի և նշագծերի ամբողջականությունը, հստակությունն ու վերջինիս ջնջվելու (մաքրվելու) հնարավորության բացառումը:
20. Սանդղակի վրա պետք է լինեն 20 oC ջերմաստիճանի պայմաններում չափանոթի 5 լ անվանական տարողության, սանդղակի սկզբնական և վերջնական արժեքների թվային նշագծեր: Սանդղակի սկզբնական և վերջնական նշագծերը պետք է համապատասխանեն 20 oC ջերմաստիճանի պայմաններում չափանոթի առավելագույն թույլատրելի բացարձակ սխալանքի արժեքին:
21. Չափանոթի բկանցքի աստիճանավորված մասը պետք է լինի անվանական տարողության նշագծից վերև և ներքև` տարողության 1%-ից ոչ պակաս:
22. Չափանոթների սանդղակի նշագծերի լայնությունը պետք է լինի 0,5 մմ-ից ոչ ավելի:
23. Չափանոթների կոնաձև պատերի թեքության անկյուններն ուղղահայաց առանցքի նկատմամբ պետք է լինեն 45 o – 80 o:
24. Չափանոթի կառուցվածքը պետք է ապահովի սանդղակային թիթեղի տեղաշարժը, չափիչ բկանցքի փոխարինումը և ծորակի առկայության դեպքում` տեղաշարժը բացառող դրոշմների կամ կապարակնիքների հարմարավետ զետեղումը:
25. Չափանոթի իրանին ամրացված ցուցանակի վրա պետք է զետեղված լինի հետևյալ տեղեկատվությունը`
1) չափանոթ արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը.
2) արտադրող կազմակերպության համարակալման համակարգով չափանոթի հերթական համարը.
3) չափանոթի թողարկման տարեթիվը.
4) 20 oC ջերմաստիճանի պայմաններում անվանական տարողությունը` լիտր (դմ3):
III. ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՉԱՓԱՆՈԹՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
26. Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում չափանոթի տեղադրման հարթակը/վայրը պետք է լինի հարթ, հորիզոնական, պաշտպանված քամուց, տեղումներից, արևային ճառագայթներից:
27. Չափանոթների մեջ վառելիք լցնելիս կամ վառելիքով լեցուն չափանոթները դատարկելիս դրանք պետք է տեղակայվեն լիցքավորողի և այլ անձանց նկատմամբ քամու ընթացքի ուղղությամբ:
28. Յուրաքանչյուր օգտագործումից հետո չափանոթների արտաքին մակերեսը պետք է չորացվի նավթամթերքի նկատմամբ չեզոք նյութից կտորով, որն այնուհետև պետք է դրվի կափարիչով մետաղյա տարայի մեջ:
29. Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետ շահագործող անձը պետք է ապահովի ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին հետևելիությունը (անձնակազմի անվտանգության տեխնիկայի հատուկ պատրաստվածություն և հրահանգավորում` ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման և հետևելիության ապահովման տեսանկյունից):