Պոլիտեխնիկի ավագ դպրոցը այսուհետ Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագրի թեկնածու դպրոց է․ Գոռ Վարդանյան

Ուրախությամբ արձանագրում ենք, որ Պոլիտեխնիկի ավագ դպրոցը այսուհետ Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate – IB) դպրոցների ցանցի Դիպլոմա ծրագրի (Diploma Programme – DP) ԹԵԿՆԱԾՈՒ դպրոց է, հայտնում է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Մեր դպրոցը նպատակ ունի ձեռքբերել Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցի (IB World School) ավտորիզացիա:

Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոցները կիսում են ընդհանուր փիլիսոփայությունը միտված դեպի՝ բարձրորակ և մարտահրավերներին դիմակայող միջազգային կրթությանը:

Մենք հավատում ենք, որ նման կրթությունը կարևոր է մեր աշակերտների համար:

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրը հնարավորություն է տալիս համակողմանի ու բազմակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներին քաջածանոթ, դրանք կրող ու դրանցով առաջնորդվող վառ անհատականություններ ձևավորելուն: Ծրագրի փիլիսոփայությունը և բովանդակությունը միտված է աշակերտի աշխարհայացքի և մտահորիզոնի ընդլայնմանը, վերլուծական և քննական մտածողության զարգացմանը։

Տարբեր առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաները, առկա մոտեցումներն ու սկզբունքները, օգտագործված մեթոդներն ընտրված են այնպես, որ ծրագրի շրջանավարտներն արդեն պատրաստի հետազոտողներ են դառնում, ինչն էլ չափազանց բարձր է գնահատվում, ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, այնպես էլ աշխարհի առաջատար համալսարաններում:

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն ավարտած սովորողների ստացած ավարտական վկայականն ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում ու տալիս է կրթաթոշակ ստանալու հնարավորություններ։ Կրթական միջազգային համայնքն ընդունում է, որ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտներն ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել