Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1 եւ 5.2 մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թ. մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 1-ը դիմում է սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1 մասին եւ միջնորդություն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել