Աղետի գոտու բնակավայրերը կազատվեն քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից․ նախագիծ է ներկայացվել

Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը։

Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում սա հնարավորություն կտա աղետի գոտու բնակավայրերն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և քաղաքաշինական նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից, անհարիր շինություններից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի ընդունման դեպքում կառավարություն որոշում կընդունի․

1. Հաստատել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթները տարածվում են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրված կամ կառուցված բոլոր ոչ հիմնական շինությունների և որպես ոչ հիմնական շինություն համարակալված հիմնական շինությունների վրա՝ անկախ դրանց օգտագործման նշանակությունից (բնակության, առևտրի, կենցաղային և այլ նպատակներով) և պատկանելությունից,

2) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով նախատեսված գործընթացի իրականացման համար ելակետային են հանդիսանում Հայաստանի Հանապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N361-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում փաստագրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ գրաֆիկական և աղյուսակային նյութերը, որոնք ենթակա են ճշտման ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքներին վերաբերող փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության արդյունքում,

3) բնակության նպատակով օգտագործվող ոչ հիմնական շինությունների քանդման և տարածքների ազատման ժամանակ այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով ցուցաբերվում է պետական աջակցության տարբերակված մոտեցում՝ կախված տվյալ ընտանիքի՝ ոչ հիմնական շինությունում բնակվողի կարգավիճակում հայտնվելու հիմքերից,

4) սույն որոշմամբ սահմանված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն պետական աջակցություն ստանալու հավակնող ընտանիքներին նախատեսված աջակցության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներում նախատեսվում են համապատասխան մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացված հայտերի հիման վրա,

5) սույն որոշմամբ նախատեսված գործընթացը մեկնարկում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվում է ոչ ուշ՝ քան 2027 թվականի նոյեմբերի 1-ը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի համայնքների ղեկավարներին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով՝ դրանով ամրագրված մոտեցումների և առաջնահերթությունների համաձայն, ապահովել համայնքների բնակավայրերի տարածքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին՝ համակարգել սույն որոշման 3-րդ կետով սահմանված գործընթացը և կիսամյակային պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել տեղեկատվություն՝ քանդված (ապամոնտաժված) ոչ հիմնական շինությունների և քանդված (ապամոնտաժված) ոչ հիմնական շինություններից վերաբնակեցված ընտանիքների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել