Դե ինչ, Ռուբեն Վարդանյանի շուրջ երկու օր ընթացող իրարամերժ «քննարկումներն» արդեն ոնց որ հանդարտվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՊԲ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը:
«Ասեմ, որ անձամբ չեմ ճանաչում նրան, բայց բավականին հաճախ եմ լսել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում նրա կողմից նախաձեռնված մի շարք ազգանպաստ ծրագրերի մասին: Միակ բանը, որ անձամբ գիտեմ Վարդանյանների ընտանիքի մասին՝ դա այն է, որ նրանց որդին՝ Դավիթը, Արցախի հանդեպ չունենալով սահմանադրական որևէ պարտականություն, 2015-ից ժամկետային ծառայություն է անցել Արցախի պաշտպանության բանակում։
Հ.գ. Չէի զարմանա, եթե «չար լեզուներն», ընդօրինակման արժանի այս քայլն արժեզրկելու համար, տակավին «գործի դնեն» իրենց հիվանդ երևակայությունը և Դավիթին ներկայացնեն որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից «ներդրված գործակալ»։
Հ.գ.գ. Ի դեպ՝ մի ժամանակ էլ մեր շրջապատում կային մարդիկ, ովքեր նման «լուրեր» էին տարածում Մոնթեի մասին, երբ վերջինս նոր էր եկել Արցախ»,-նշել է նա։