Ընկերության աշխատակիցներին կարող են տրամադրվել բաժնետոմսեր

Բաժնետիրական ընկերության աշխատակիցներին կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել աշխատակցի բաժնետոմսեր, որոնք կարող են լինել հասարակ (սովորական) կամ արտոնյալ:

Աշխատակցի բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության աշխատակիցների միջև` այդ նպատակի համար աշխատակիցների բաժնետիրացման հատուկ հիմնադրամի միջոցների հաշվին` Ընկերության կողմից իր բաժնետերերից հետ գնած բաժնետոմսերից:

Աշխատակցի բաժնետոմսերի մասը չպետք է գերազանցի կանոնադրական հիմնադրամի քսանհինգ տոկոսը:

Աշխատակցի բաժնետոմսը Ընկերության աշխատակցին արտոնյալ պայմաններով վաճառված անվանական բաժնետոմս է: Աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք տարով, սկսած դրանց տեղաբաշխման օրվանից:

Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջև վերջիններիս համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել, բայց ոչ պակաս քսանհինգ տոկոսից:

Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում, բացի կենսաթոշակի անցնելու դեպքերից, Ընկերությունը նախապատվության իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը շուկայական գնով, սակայն անվանական արժեքից ոչ պակաս:

Աշխատակցի բաժնետոմսերի մահացած տիրոջ ժառանգորդները, եթե կանոնադրությամբ սահմանվել է վերոնշյալ սահմանափակումը, իրավունք ունեն Ընկերությունից պահանջել դրանց հետգնումը շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջել դրանք փոխարկել Ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են Ընկերության կողմից:

Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ, երբ բաժնետոմսերի շրջանառությունը սահմանափակվել է կանոնադրությամբ, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են սույն օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող հասարակ (սովորական) կամ տարբեր դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար:
Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության հասարակ (սովորական) և համապատասխան դասի արտոնյալ արժեթղթի անվանական արժեքից:

Աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման, դրանց դիմաց վճարման և աշխատակիցների արտոնությունների սահմանման կարգի մասին որոշումը կայացնում է ժողովը:

Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից որևէ մեկը չի օգտվում իր նախապատվության իրավունքից, ապա բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Բաժնետիրական ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է, ի գիտություն բոլորի, հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել