Սեպտեմբերի 2-ին ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանին և Լիլիթ Ստեփանյանին։
Այս մասին տեղեկանում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
Արթուր Թովմասյանը նախ ողջունել է հյուրերին Արցախի համար այս կարևորագույն օրվա՝ ԱՀ հռչակման օրվա առթիվ Արցախ այցելելու և խորհրդարանում հյուրընկալվելու համար։
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱՀ հռչակման նախապատմությունը, ապա՝ խոսել 2020թ․ աշնանային պատերազմի ընթացքի և հետպատերազմյան իրողությունների մասին։
Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթներին։
Շնորհավորելով ԱՀ 31-ամյակը՝ ՔՊ պատգամավորները կարևորել են Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության հարցը։ Նրանց խոսքով ՝ ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում ամենօրյա գործունեություն են իրականացվում Արցախի անվտանգությունը ապահովելու համար։
«Մենք ունենք փխրուն իրավիճակ և պետք է այն ամրապնդել ,որպեսզի լայնածավալ էսկալացիայի ռիսկերը հնարավորինս նվազեցնենք»,- նշել է Ռուստամ Բաքոյանը։
ՔՊ պատգամավորները խոսել են նաև Հայաստանի՝ Արցախին ցուցաբերվող սոցիալական մեծ ծրագրերի և այլ աջակցությունների մասին։