Պրոցեսը սկսված է․ Միքայել Արզումանյանի փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում

Արդեն հայտնել էի, որ քանի որ Միքայել Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց կոնկրետ մասսաների «կերակրման» մասով, ուստի նրան հիմա էլ դիտավորություն կվերագրեն, որ հետո սկսեն իրենց մանիպուլյացիոն հարցազրույցները և «կտերի տարածումը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Միքայել Արզումանյանի փաստաբանԵրեմ Սարգսյանը։

«Պրոցեսը սկսված է։ Հիմա էլ մեղադրում են, թե իբրև հայկական զորքը կռվով հետ է վերցրել «Արեգա» բարձունքը, սակայն Միքայել Արզումանյանը եկել ու հրամայել է, որ այդ բարձունքը թողնեն ու հեռանան, որից հետո թշնամին նորից զբաղեցրել է այն։

Նույնիսկ ավելնորդ եմ համարում անդրադառնալ այդ աբսուրդին։

Սակայն հենց մեղադրանքի ձևակերպումից մի հատված կնշեմ, որի համաձայն՝ Միքայել Արզումանյանը, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը։

Իրականում, քանի որ Միքայել Արզումանյանն այդ ժամանակ չի հանդիսացել ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարը և որևէ իրավասություն չի ունեցել այդ անձնակազմին նման հրաման տալու, ուստի չի էլ տվել, իսկ այդ անձնակազմն էլ իրավունք չուներ ենթարկվելու իրեն պետ չհանդիսացող զինվորականի հրամանին։

Հարց է ծագում, որ եթե Միքայել Արզումանյանը որևէ իրավասություն չունենալով նման հրաման է տվել, ապա ինչու է անձնակազմը ենթարկվել այդ հրամանին և ինչու ըստ կարգի իրենց վերադաս պետերին այդ մասին չեն զեկուցել և ստացել նրանց հրամանը։

Այսքանով կարծում եմ, որ ամեն ինչ ասված է։

Վաղն էլ հնարավոր է մեղադրեն, որ պատերազմն էլ է նրա մեղավորությամբ սկսվել»,-նշել է նա:

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել են, որ քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Նշվում է, որ Արզումանյանը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ եւ լիարժեք հրամանատարությունը եւ այլն: Հաղորդագրությունում նաեւ բազմաթիվ մանրամասներ են բերվում, թե որ հատվածներում նա չի ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, չի կիրառել մարտունակ ջոկատներ, որ իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի ջոկատներն արդեն ներթափանցել էին Շուշի, որ այնպիսի վայրերում է տեղակայել յուրային ուժերին, որ նրանք հայտնվել են շրջապատման մեջ, որ չեն կիրառվել կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել