Իմ կնոջ ֆեյսբուքյան էջին ես առանձնապես չեմ հետևում. Վահրամ Դումանյան

«Իմ կնոջ ֆեյսբուքյան էջին ես առանձնապես չեմ հետևում, բայց այդ դեպքի հետ կապված իմ կինը պատասխանել է, մտեք այդ գրառման տակ կկարդաք նրա մեկնաբանությունը»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ իր կինը ֆեյսբուքում կիսում է իր քաղաքական թիմի հասցեին սուր քննադատություն պարունակող գրառումները:

Ըստ նախարարի, այն ինչ նկատի է ունեցել այդ գրառումն արած անձը, իր կինն ընդհանրապես չի էլ նկատել:

«Տվյալ անձը, որը նման աղմուկ է բարձրացրել, գիտեք ի՞նչ է արել՝ էլեմենտար մանիպուլյացիա և մոնտաժ է արել: Խոսքը վերաբերել է լրիվ այլ բանի, բայց այդ մարդն իրեն հետաքրքրող, սնուցող մի միտք է գտել և այն է տարածել, ինչն իմ տիկինը չէր էլ նկատել և այդ մասին պարզաբանել է»,-բացատրեց նախարարը:

Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ այդ անձին խորհուրդ է տալիս լսել տաղանդավոր երգիչ Վլադիմիր Վիսոցկու շատ հայտնի երգը, և կեղտոտ կոշիկներով չմտնել սրբավայր և չապականել, այլ զբաղվել հանօգուտ գործով:

«Չի կարելի մարդկանց դժբախտության վրա կառուցել երջանկություն»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Դումանյանի կինը կիսվել էր Ա. Արամյան անունով օգտատիրոջ գրառմամբ, որում ասված է եղել «Շնորհավորում եմ ձեզ՝ Բաքուն նվաճող առյուծներ։ «Քաղաքացիական պայմանագրի» մարմնավաճառների սերունդն առանց որևէ կրակոցի հայկական Աղավնոն թուրքերին հանձնեց։ Օգոստոսի 25-ին թուրքն առանց կրակոցի մտավ հայկական Աղավնո»։

Վահրամ Դումանյանի կինն էլ, կիսվելով գրառմամբ, մեկնաբանել էր. «Թուրքը մտավ Աղավնո։ Խելագարվել կարելի է: Մինչդեռ մեզ մոտ խրախճանքներ ու փառատոններ են… Զուգահեռ իրականություն, անտարբեր աշխարհ և ցավ… Եվ մեզանից յուրաքանչյուրն այս ամենի մասնակիցն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել