«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից հայտնում են, որ դիմել են ԱԱԾ-ին՝ ընդդեմ «Վիվա ՄՏՍ»-ի։
«Օրաթերթն ու ArmLur.am կայքը լրագրողական ուսումնասիրություն են իրականացնում Հայաստանում տեղի ունեցած մի շատ կարեւոր ու անվտանգության առումով խիստ մտահոգիչ փաստի առիթով: 2020 թվականի հուլիսի 24-ին՝ պատերազմից ամիսներ առաջ, ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով (իբր կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում) հատկապես Զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: Այս բջջային համարները «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներ են, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից եւ «Վիվա ՄՏՍ»-ից պարզաբանում է պահանջել՝ ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքին: Ընկերությունը եւ ԱԱԾ-ն, այս հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն, առաջինը սպառնալիքներ եւ վիրավորանքներ է շաղ տալիս օրաթերթի հասցեին, իսկ ԱԱԾ-ն խորհրդավոր լռում է:
Անկախ այս իրողություններից, գործադրվող ճնշումներից եւ մամուլի, խոսքի ազատության նկատմամբ անհարգալից վերաբերմունքից՝ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է իր ուսումնասիրությունները՝ ոչնչի առաջ կանգ չառնելով, եւ «Վիվա ՄՏՍ» ընկերությունը՝ ի դեմս այսօրվա տնօրեն Արմեն Ավետիսյանի , պարտավոր է բացատրել, թե ինչպես են իրենց քարտապաններ դարձել Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները: Նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանը անակնկալ հեռացավ այդ պաշտոնից եւ Հայաստանից:
Հորդորում ենք ՀՀ ԱԱԾ-ին այս հայտարարությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ սկսել ուսումնասիրություն մեկ կարեւորագույն հարցի շուրջ՝ ինչպես են կարողացել Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները ունենալ «Վիվա ՄՏՍ»-ի քարտեր, որոնցով զանգահարել են ՀՀ քաղաքացիներին եւ ահաբեկել»:
Ավելի վաղ «Վիվա-ՄՏՍ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է․
««Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակցված armlur.am կայքը համառորեն շարունակում են տարածել հրապարակումներ առ այն, թե իբր ««ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր է տրամադրել (բաժանել)»:
Սույնով Վիվա-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ դատախազություն ու ՀՀ ոստիկանություն՝ «Ժողովուրդ» օրաթերթի ու armlur.am կայքի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու խնդրանքով՝ պարզելու համար թե լրատվամիջոցն այդ ի՞նչ փաստերի է տիրապետում և տեղեկատվական ինչպիսի՞ աղբյուրներից է օգտվում/տիրապետում, որ հաշվի չառնելով Վիվա-ՄՏՍ-ի բազմատիվ հերքումները և պարզաբանումները, ինչպես նաև հենց լրատվամիջոցի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանն առ այն, որ (մեջբերում)՝ ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորներն Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», համառորեն շարունակում է պնդել, թե իբր սոցհարցումների համար Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրած հեռախոսահամարներն օգտագործվել են ադրբեջանցիների կողմից՝ ՀՀ քաղաքացիներից ազգային անվտանգությանը վերաբերող կարևոր տեղեկություններ կորզելու նպատակով:
Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է պատրաստակամություն՝ աջակցելու իրավապահ մարմիններին՝ նշված հարցի բազմակողմանի և ամբողջական քննության գործում։
Ընկերությունը տեղեկացնում է, որ այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին, համարելով դրանք ընթերցողների նկատմամբ ոչ այլ ինչ, քան տեղեկատվական մանիպուլացում և Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն արատավորելու փորձ ու տեղեկատվական շանտաժ
Վիվա-ՄՏՍ»: